«Թատերական Լոռի» միջազգային 29-րդ փառատոնին Ալավերդու քաղաքային թատրոնը կմասնակցի Պատրիկ Արտեմիի «Ծապան» պատմվածքի համանուն բեմադրությամբ։
Ողբերգադրամատիկ, մելոդրամային տարրերով հուզական թատերապատումը շոշափում է այսօր մեր երկրի առջև ծառացած ծանրագույն խնդիրներից մեկի՝ արտագաղթի թեման, նաև Ալավերդու և ալավերդցիների աշխատանքային անցյալ փառքը` ներկայացնելով այն գլխավոր հերոսի կյանքի դրամատիկ պատմությամբ, մի տեսակ դառնալով թատերահիմն Ալավերդուն ու ալավերդցուն, Լոռուն ու Լոռվա ձորին, որն ինքն էլ ներկայացման անտեսանելի հերոսներից է ասես:
Ներկայացման հերոսուհին, որ քսանյոթ տարի սպասել է միակ զավակին, խնամել պապենական օջախն ու այգին, միայնությունից ու սպասումից հուսահատ ներկայացման ավարտին հասնում է ասես տեղային ապոկալիպսիսի՝ հուզական պոռթկումին, որոշում է կտրել այգին ու ամուսնու տան սյուները, փլեցնել այն, քանի որ կինը օջախին կյանք տվողն ու կենդանացնողն է, իսկ կանգուն ու շեն պահելը տղամարդու գործն է: Այս կերպ ներկայացման հեղինակը կտրում է արտագաղթածների վերադարձի սին հույսը: Եվ ճիշտ հակառակը, ներկայացման հերոսը, դաժան կյանքով անցած ու կյանքի մայրամուտին միայնակ մնացած, նոր կյանքի ու նոր Ալավերդու ծիլերը ծլարձակելու և ծապանայգին շենացնելու գործում իր հայացքն ուղղում է դեպի Ալավերդում այսօր ապրող մանուկներին, ուրեմն կեցցեն նրանք, որ կրկին շենացնելու են հոգսերից կքված իրենց ծապանաշխարհը, իրենց Ալավերդին:
Բեմադրությունը՝ Հրաչյա Պապինյանի
Տևողությունը՝ 1 ժամ, 20 րոպե
Սեպտեմբերի 27, ժամը 18։30
Ալավերդու մշակույթի կենտրոն
Մուտքը՝ հրավիրատոմսով։ Հրավիրատոմսի համար դիմել Ալավերդու մշակույթի կենտրոն։
Ալավերդում թատերական ավանդույթները սկիզբ են առել 20-րդ դարի սկզբից։ «Կարմիր Լոռի» թերթի 1921թ․ դեկտեմբերի համարում կարդում ենք մի հրապարակում, ըստ որի, Ալավերդու թատրոնը Մերձվոլգյան սովյալների համար խաղացել է ներկայացում, որի հասույթը՝ 4000 ռուբլին, փոխանցվել է սովյալների ֆոնդին։ Առայժմ սա կարելի է համարել որպես Ալավերդու թատրոնի սկիզբ։
1934 թվականին Լուսժողկոմի հանձնարարությամբ Արմեն Արմենյանը Ալավերդում հիմնադրում է բանվորական պետական թատրոն։ Կարճ ժամանակ անց թատրոնը տարբեր տնտեսական ու ստեղծագործական ցուցանիշներով դառնում է հանրապետության շրջանային թատրոնների առաջատարներից մեկը, որի մասին 1949 թվականին «Խորհրդային Հայաստան» թերթում տպագրված հոդվածում նշել է անվանի դերասան Հրաչյա Ներսիսյանը։ Ալավերդու թատրոնում են աշխատել հայ թատրոնի երևելիներ Վոլոդյա Գրիգորյանը, Սերին Շեկոյանը, Վերջալույս Միրիջանյանը, Գևորգ Ասլանյանը և ուրիշներ։ 1951թ․ Հայաստանի այլ շրջանային թատրոնների հետ փակվում է նաև Ալավերդու բանվորական թատրոնը։
Բանվորական թատրոնի փակվելուց հետո տեղում մնացած դերասանների ուժերով շրջանային կուլտուրայի տանը ստեղծվում է ինքագործ թատերախումբ, որը շարունակում է պիեսներ բեմադրել և հանդես գալ ինչպես Ալավերդում, այնպես էլ շրջակա գյուղերում։ 1959թվականին նկատի ունենալով ինքնագործ խմբի բարձր մակարդակը առաջիններից մեկը Հայաստանում ստանում է ժողովրդական թատրոնի կոչում։ Իսկ արդեն 1990 թվականին ժողովրդական թատրոնի հիման վրա ստեղծվեց Վանաձորի Հովհ․Աբելյանի անվան պետական թատրոնի Ալավերդու մասնաճյուղը, որը գոյատևեց մինչև 1992 թվականը։ 1992 թվականից թատրոնը դարձավ մունիցիպալ թատրոն՝ Թումանյանի շրջանային թատրոն անվամբ։ 1997թվականից շրջանների լուծարումից հետո հանձնվեց քաղաքապետարանի հաշվեկշիռ և կոչվեց Ալավերդու քաղաքային թատրոն։ Թատրոնի ռեժիսորներ են աշխատել Կամո Պետրոսյանը (1992-1993), Հրաչյա Պապինյանը (1993- թվականից), Արթուր Սիմոնյանը։