«Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնի շրջանակում սեպտեմբերի 26-ին Ալավերդիում հյուրընկալվեց Աբովյանի պետական դրամատիկական թատրոնը՝ «Հիվանդասենյակ №6» բեմադրությամբ, ըստ Անտոն Չեխովի համանուն պատմվածքի։
Հանդիսատեսը դահլիճի փոխարեն նկուղ է մտնում։ Չկա բեմահարթակ, չկան կուլիսներ։ Իրականությունից կտրված տարածք է, որտեղ դերասանների հետ հանդիպումը միանգամից է կայանում։
№6 հիվանդասենյակում հոգեկան հիվանդներ են բնակվում։ Այստեղ դառը ճակատագրեր են, իրականությունից օտարված մարդիկ, ովքեր իրենց նկատմամբ մարդկային վերաբերմունք ու նորմալ պայմաններ են պահանջում։ Բայց այդ ամենը չկա։
Նրանք հիվանդասենյակում են հայտնվել տարբեր՝հետապնդման վախի, ծնողների կամ հասարակության անտարբերության և արատավոր այլ երևույթների պատճառով։ Ժամանակի ընթացքում նրանց կարեկցող բժիշկն էլ նույն ճակատագրին է արժանանում․ եթե կարեկցում ես հիվանդին, զրուցում նրա հետ ու փորձում հասկանալ նրան, ուրեմն դու էլ այդպիսին ես։
Աբովյանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը, ով բեմադրության մեջ բժշկի դերն է խաղում, ասում է, որ Չեխովի «Հիվանդասենյակ № 6»-ը բեմադրելու մեծ ցանկություն ունեցել է դեռևս ուսանողական տարիներից։ Բացի այդ, ցանկություն է եղել ներկայացումը խաղալ ոչ թե բեմում, այլ մեկ այլ տարածքում՝ ձեղնահարկում, սենյակում։ Վերջում կանգ են առել նկուղի վրա։
«Մեր բոլորի ցանկությունն է եղել ցույց տալ, որ երբ հանդիսատեսը դժվար ճանապարհ է անցնում, գալիս է այս տարածքում ներկայացում նայում, էստեղից դուրս գալուց հետո հասկանա, որ ինքը շատ լավ է ապրում, ինքը գոնե շնչելու հնարավորություն ունի, ինքը ազատ է, անկախ է։ Մեր խնդիրն է, որ հանդիսատեսն էստեղից գնալուց հետո ինքը գիտակցի իր կյանքի արժեքը», - ասում է բեմադրիչը։
Հիվանդասեյակում ապրող Գրոմովին, ում հետ բժիշկը երկար զրույցներ էր ունենում, կերպավորել է դերասան Դավիթ Եղիազարյանը։ Այս դերի համար նա «Արտավազդ» մրցանակի է արժանացել։
«Մեկ տարի առաջ է բեմադրվել այս գործը։ Այս տարի որոշեցին, որ ես պետք է արժանանամ «Լավագույն երիտասարդ դերասան» մրցանակին, որի համար շատ շնորհակալ եմ։ Այս ներկայացումը ես չէի շտապի ներկայացում անվանել, որովհետև սա ինչ-որ թատերական հարթակ չէ, որտեղ գալիս է հանդիսատեսը։ Սա կյանք է, որտեղ մենք ապրում ենք»,- ասում է դերասանը։
Հանդիսատեսը նույնպես «փորձություններ» հաղթահարեց․ մուտք դեպի նկուղ, սառը, անհարմար միջավայր, մահճակալների վրա ցնցվող հիվանդներ։
«Չզգացի, որ դեր են կատարում։ Ապրում էին, ու նույնիսկ մտածում էի, թե ինչով օգնեմ։ Առանց չափազանցնելու։ Մթնոլորտը ազդեցիկ էր, հիացած եմ, տպավորված եմ, խոսքեր չունեմ։ Դեռ շատ երկար ժամանակ այս նստվածքը կմնա», - ասում է գեղանկարիչ Վարուժան Վարդումյանը։
Բեմադրության ավարտին «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ Վալերի Պարանյանը փառատոնի մասնակցության դիպլոմն ու խորհրդանշական արձանիկը հանձնեց Աբովյանի պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանին։