Ներկայացման երեք հերոսների պատմությունները ծավալվում են 1990-ականներին, երեք տարբեր վայրերում` Արցախի ամենաթեժ կետերից մեկում, սահմանամերձ մի գյուղում և մութ ու ցուրտ Երևանում` կազմելով երեք միահյուսվող սյուժետային գիծ: Միմյանցից ֆիզիկապես հեռու գտնվող երեխաները, կարծես, երկխոսության մեջ են մտնում, արձագանքում մեկմեկու, կիսում իրենց հոգսերն ու ուրախությունները: Նրանց յուրաքանչյուր պատմություն մի փոքրիկ հաղթանակի արձանագրություն է, հաղթանակ թշնամու, ծանր պայմանների և սեփական վախերի հանդեպ: Մանկական այդ մաքուր ու միամիտ հերուսությունները, կարծես, ազգի գենետիկ կոդի մասն են դարձել` արձանագրելով նրանում հաղթողի հոգեբանության ծնունդը:
Բեմադրությունը՝ Նարինե Գրիգորյանի
Բեմի ձևավորումը՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, ժամը 18։30, Ալավերդու մշակույթի կենտրոն
Տևողությունը՝ 1 ժամ, 15 րոպե
Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991թ. ճանաչված դերասան Սոս Սարգսյանի կողմից: Թատրոնի հիմնադրման, ճանաչման և զարգացման գործում մեծ ավանդ ունեն Մայիս Կարագյոզյանը, Շահում Ղազարյանը, Հրաչյա Գասպարյանը, Կարեն Ջանիբեկյանը, Գալյա Նովենցը, Դավիթ Հակոբյանը, Կարինե Ջանջուղազյանը և ուրիշներ: 2000թ. կատարվեց սերնդափոխություն՝ թատերախումբ մտան տաղանդավոր երիտասարդներ` Տաթև Ղազարյանը, Արման Նավասարդյանը, Նարինե Գրիգորյանը, Վարշամ Գևորգյանը, Արմինե Պողոսյանը, Մխիթար Ավետիսյանը, Կարեն Խաչատրյանը, Գագիկ Մադոյանը,Ալլա Սահակյանը, Ստեփան Ղամբարյանը, Արմինե Անդրեասյանը և ուրիշներ: Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Նարինե Գրիգորյանը: Թատրոնը տնօրինում է Արման Նավասարդյանը:
Համազգային թատրոնի նպատակներն են․ կատարելագործելով հայկական դերասանական դպրոցն՝ ինտեգրվել համաշխարհային թատերական կյանքին, ունենալ հավասարակշռված խաղացանկային քաղաքականություն՝ որոշակիորեն առանձնացնելով ժամանակակից հեղինակներին, երիտասարդ ուժերի եռանդն ուղղել հայաստանյան թատերական կյանքը թարմացնելու և ակտիվացնելու գործին: