ԴԱ ԵՂԵԼ Է 100 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Նորություններ
ԴԱ ԵՂԵԼ Է 100 ՏԱՐԻ ԱՌԱՋ
08.09.2021
ԴԱ ԵՂԵԼ Է 100 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի  5-ը Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում կկայանա «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը: Փառատոնն անց է կացվում երկու տարին մեկ: Այս տարվա փառատոնը կասկածի տակ էր առնվել թագավարակով պայմանավորված հնարավոր սահմանփակումների և ֆինանսական խնդիրների պատճառով: Բանն այն է, որ վերջին տարիներին փառատոնը չունի գլխավոր հովանավոր: Երկար տարիներ գլխավոր հովանավոր  «Վալլեքս» խմբի ընկերություններում ստեղծված իրավիճակի պատճառով այն այլևս չի կարողանում աջակցել փառատոնին: «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնի անցկացումը հնարավոր է դարձել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհի, Ալավերդու համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ: Փառատոնի շրջանակներում անցկացվող «Ռուսական թատրոնի օրեր» ծրագրի իրականացմանն աջակցում է ,,Русский мир,, հիմնադրամը:

Փառատոնը հիմնադրվել է 1979 թվականին Լոռու մարզի Ակներ գյուղում: 1985 թվականից անց է կացվում Ալավերդի քաղաքում, իսկ 2014 թվականից դարձել է մարզային փառատոն և գնալով ստանում է միջազգային ընդգրկում: Սակայն միջազգային դառնալուն լուրջ խոչընդոտ են մարզի քաղաքներում առկա դահլիճների անբավարար պայմանները: Այս տարի փառատոնը նվիրված է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման իննսունամյակին, և ուղիղ տասը օր Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր քաղաքներում հանդես կգան մայրաքաղաքային թատրոններ՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Սոս Սարգսյանի անվան համազգային, Ստանիսլավսկու անվան ռուսական, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային, Միմոս, Ստեփանակերտի, Վանաձորի Ալավերդու և այլ թատրոններ և այլն: Փառատոնը չունի ժանրային սահմանափակումներ, կներկայացվեն դրամատիկ կատակերգական, մանկական ու տիկնիկային ներկայացումներ, այս կերպ թատերատոնին հաղորդելով առավել մեծ մասսայականություն:

Փառատոնին կմասնակցեն նաև ՌԴ Վոլգոգրադի երիտասարդական, Չելյաբինսկի նոր գեղարվեստական թատրոնները, ինչպես նաևն թատրոններ Թբիլիսիից և Եգիպտոսից: Ընդհանուր առմամբ 14 թատերախումբ, որոնք կներկայացնեն 16 պիեսների իրենց բեմադրությունները, ընդհանուր առմամբ կխաղացվի շուրջ 28 ներկայացում: Փառատոնի շրջանակներում կնշվի նաև Ալավերդիում թատրոնի հիմնադրման 100-ամյակը:  «Կարմիր Լոռի» թերթի 1921 թվականի դեկտեմբերյան համարում պահպանվել է մի հրապարակում, որից ընդամենը տասը ամիս առաջ` 1921 թվականի փետրվարին, Խորհրդային Հայաստանին միավորված Ալավերդիում գործել է թատրոն, որի ներկայացումից ստացված շահույթը՝  4000 ռուբլի, մուծվել է Վոլգյան սովյալների օգնության ֆոնդին: Դա եղել է 100 տարի առաջ: Ի դեպ, փառատոնի հյուրերի կազմում է Վոլգոգրադի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը՝ քաղաքապետի և մշակույթի կոմիտեի նախագահի ղեկավարությամբ, որոնք հանդիպումներ կունենան մարզպետարանում, Ալավերդի համայնքում:

Տեսադարան