Ալավերդիում հանդիսավորությամբ բացվեց «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը (տեսանյութ)

Նորություններ
Ալավերդիում հանդիսավորությամբ բացվեց «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը (տեսանյութ)
25.09.2021
Ալավերդիում հանդիսավորությամբ բացվեց «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը (տեսանյութ)

Սեպտեմբերի 25-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում հանդիսավորությամբ բացվեց «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը, որը նվիրված է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 90-ամյակին։ Մինչև հանդիսույթի մեկնարկը Տերունական աղոթք բարձրացվեց՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների, ինչին հաջորդեց լռության րոպեն։ Ապա Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթի մեներգչուհի Սաթենիկ Ափոյանի կատարմամբ հնչեց «Կյանքս կյանքիդ գնով» երգը։

«Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնի մեկնարկի կապակցությամբ շնորհավորանքի խոսք ասաց Լոռու մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանը՝ բարի երթ և երկարակեցություն մաղթելով փառատոնին, ինչից հետո ընթերցվեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը։

90-ամյա հոբելյանի կապակցությամբ Աբելյանի թատրոնի դերասանները  շնորհավորանքներ, պատվոգրեր ու նվերներ ստացան Ալավերդու համայնքապետի կողմից։ Ապա Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը բարի ընթացք մաղթեց «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնին։

«Մեծ պատասխանատվություն է «Թատերական Լոռի» փառատոնը սկսել մեզանով, ինչը և՛ հաճելի է, և՛ պարտավորեցնող։ Թումանյանի «Անուշ»-ը, մեր «Անուշ»-ը սիրով բերել ենք Ալավերդի՝ այն բոլորինս դարձնելու նպատակով»,-իր ելույթում ասաց Լուսինե Սահակյանը։

Փառատոնի մասնագիտական հանձնախմբի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանն էլ իր խոսքում նշեց՝ որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ 43 տարի առաջ մի քանի թատերախմբերով անցկացված փառատոնը կարող է հասնել այս օրեր, դառնալ միջազգային ու թևածել ամբողջ Լոռվա աշխարհում։

«Ողջունում եմ բոլորիդ, աբելյանցիներին՝ 90-ամյակի առթիվ։ Եվ ուրախ եմ, որ  «Թատերական Լոռին», շնորհիվ իմ սիրելի ուսանող Հրաչյա Պապինյանի, ունեցավ այսպիսի զարգացումներ։ Բարի երթ և տասնօրյա մթնոլորտային հոգեհույզ ներկայացումներ բոլորիդ», - մաղթեց ռեժիսոր, դերասան, մշակութային գործիչ Ռազմիկ Աբրահամյանը։

Իսկ «Թատերական Լոռի» միջազգային փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանն իր ելույթում նշեց, որ փառատոնն այս տարի էլ մրցութային չէ, որովհետև մասնակից թատերախմբերի կազմն է փոքր, ինչպես օրինակ, դրամատիկական թատրոնները մի քանիսն են, իսկ կատակերգականը կամ տիկնիկայինը՝ մեկը։ Այդ պատճառով, ըստ փառատոնի տնօրենի, փառատոնը չի կարող մրցութային լինել։ Թատերախմբերին հանձնվելու են ավանդական արձանիկներն ու փառատոնի մասնակցության դիպլոմը, ասաց Հրաչյա Պապինյանն ու 29-րդ փառատոնի առաջին արձանիկն ու դիպլոմը հանձնեց Հովհ․ Աբելյանի անվան թատրոնի տնօրենին։  

Վանաձորի Հովհ․ Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն էլ ողջունեց հանրապետության ամենաերկարակյաց փառատոնի մեկնարկը։

«Անչափ ուրախ եմ, որ Ալավերդին շարունակում է այս հրաշալի փառատոնը։ Հանրապետության ամենաերկարակյաց փառատոնն է «Թատերական Լոռի»-ն և դրանով արդեն բացառիկ ու շատ կարևոր։ Եվ դրանով արդեն մենք՝ լոռեցիներս, հպարտանալու շատ մեծ տեղ ունենք։ Անշու՛շտ, ես չեմ կարող այսօր չհիշել այս փառատոնի հիմնադիրներին և մանսավորապես մեր լոռեցի, հանրապետության ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանին։ Եվ այսօր այդ շատ կարևոր գործը շարունակեց և այս փառատոնը միջազգային դարձրեց Հրաչյա Պապինյանը, որի համար հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը», - իր ելույթում նշեց Վահե Շահվերդյանը։  

Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը նվեր և դիպլոմ հանձնեց Վահե Շահվերդյանին՝ Աբելյանի անվան թատրոնի 90-ամյակի և Լոռիում, մասնավորապես Ալավերդիում թատերարվեստի գործում ունեցած անուրանալի վաստակի համար։

Բեմից շնորհակալության ու շնորհավորանքի խոսք հնչեց՝ ուղղված փառատոնի հանձնախմբի անդամ Վալերի Պարանյանին, ով ներկաների շարքում էր։  

«Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնի զանգը հնչեցնելու պատիվը տրվեց ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանին։

Փառատոնի բացումը նշանավորվեց Հովհ․Աբելյանի անվան թատրոնի «Անուշ»-ով։

Տեսադարան