«Թատերական Լոռի» միջազգային փառատոնի տնօրինությունը մասնակցել է Չելյաբինսկի «Թատրոնի մարդը» փառատոնին

Նորություններ
«Թատերական Լոռի» միջազգային փառատոնի տնօրինությունը մասնակցել է Չելյաբինսկի «Թատրոնի մարդը» փառատոնին
07.03.2023
«Թատերական Լոռի» միջազգային փառատոնի տնօրինությունը մասնակցել է Չելյաբինսկի «Թատրոնի մարդը» փառատոնին

ՌԴ Չելյաբինսկ քաղաքում ավարտվեց  «Թատրոնի մարդը» փոքր ֆորմատի ներկայացումների թատրոն-լաբորատորիա միջազգային փառատոնը, որին հրավիրված և մասնակցում էր նաև «Թատերական Լոռի» միջազգային փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը: Յոթ օր շարունակ Ռուսաստանի, Ղազախստանի և Հայաստանի 15 թատրոններ լեփ-լեցուն դահլիճներում խաղացին իրենց բարձրակարգ ներկայացումները:

Տեղեկացնենք, որ փառատոնը կազմակերպվում և անցկացվում է Չելյաբինսկի «Նոր գեղարվեստական թատրոնի» և նրա գեղարվեստական ղեկավար Եվգենի Գելֆանդի, տնօրեն Անտոն Տոկարևի կողմից: Փառատոնն ամբողջությամբ հովանավորվում է Չելյաբինսկի քաղաքապետարանի կողմից: Ի դեպ` Եվգենի Գելֆանդը 1921թ. Չեխովի նամակների հիման վրա ստեղծված ներկայացմամբ մասնակցել է «Թատերական Լոռի» փառատոնին: Փառատոնի բոլոր օրերին կազմակերպվում էին ներկայացումների քննարկումներ Մոսկվայի թատերական (ГИТИС) և կինոարվեստի (ВГИК) ինստիտուտների անվանի փորձագետներ, թատերական և գրաքննադատ, բանասիրության դոկտոր, ռուսական մշակույթի ուսումնասիրման «Ժառանգություն ինստիտուտի» ղեկավար, միջազգային,այդ թվում արևմտյան երկրների հայտնի փառատոների փորձագիտական հանձնախմբերի անդամ և ղեկավար Կապիտոլինա Կոկշենևայի, արվետստագիտության դոկտոր, Թատերարվեստի ռուսական ինստիտուտի (ГИТИС) պրոֆեսոր, թատերագետ Նինա Շալիմովայի, արվեստագիտության թեկնածու, թատերագետ, «Դերասանի տուն» թատերական հանդեսի գլխավոր խմբագիր, ՌԴ նախագահական հիմնադրամների մշտական փորձագետ Օլգա Գալախովայի, արվեստագիտության թեկնածու, «Թատերական հարցեր» ամսագրի գլխավոր խմբագիր, Թատերարվեստի ռուսական ինստիտուտի(ГИТИС) թատերագիտական կուրսի ղեկավար, բազմաթիվ միջազգային փառատոների փորձագիտական խմբերի անդամ Մարինա Տիմաշևայի, թատերագետ Քսենյա Ստոլնայի ու Երևանի մնջախաղի թատրոնի գեղեարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի մասնակցությամբ:

«Թատերական Լոռի» փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը բազմաթիվ պայմանավորվածություններ ձեռքբերեց բարձրակարգ ներկայացումներ և հանրահայտ թատերական գործիչների՝ Հայաստան այցելելու վերաբերյալ: «Թատրոնի մարդը» փառատոնն աչքի ընկավ բարձր կազմակերպվածությամբ ու խաղացվող ներկայացումների բարձր մակարդակով:

Տեսադարան