«Սիրեցեք ինձ-դիագնոզ»: Չելյաբինսկի «Նոր գեղարվեստական թատրոն»-ն այս ներկայացումով մասնակցեց «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնին։
Իգոր Բարմասովի բեմադրության մեջ ներկայացված են ռուս գրող, դրամատուրդ Անտոն Չեխովի կյանքի վերջին հինգ տարիները: Սա այն ժամանակահատվածն է, երբ գրողը հանդիպել է դերասանուհի Օլգա Կնիպերին և ամուսնացել նրա հետ: Ռեժիսորը մի ինքնատիպ ձևաչափով է հանդիսատեսին ցույց տալիս Չեխովի և Կնիպերի սիրո պատմությունը՝ միմյանց հանդեպ հոգ տանելը, նրանց բաժանումները, որոնց հաջորդում են սպասված հանդիպումները, դավաճանությունն ու ներումը, և ի վերջո, բարդ, բայց սիրով լցված հաբերություները, որոնք ուղեկցվում են չդադարող նամակագրությամբ։
Թատրոնի դերասան Ալեքսանդր Բալիցկիի խոսքով՝ Չեխովի կերպարը խաղալը մեծագույն հաճույք է իր համար։ Եվ թեպետ ուրիշի նամակները կարդալն այնքան էլ պարկեշտ չէ, այնուամենայինիվ, մենք կարողացանք լուծում տալ դրան, ասում է դերասանը։
Ի դեպ, Չելյաբինսկի «Նոր գեղարվեստական թատրոն»-ն առաջին անգամ է մասնակցում «Թատերական Լոռի» միջազգային փառատոնին:
Ներկայացման ավարտին «Թատերական Լոռի» միջազգային փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը Չելյաբինսկի «Նոր գեղարվեստական թատրոն»-ին հանձնեց փառատոնի մասնակցության դիպլոմն ու խորհրդանշական արձանիկը։
Տեսանյութը՝ «Անկյուն գումարած 3» ՀԸ
Լուսանկարները՝ Արման Տիտանյանի