Սեպտեմբերի 30-ին՝ «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնի 6-րդ օրը, Ալավերդիում հյուրընկալվեց Երևանի Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը՝ «Սկապենի արարքները» ներկայացմամբ։
Մոլիերի հայտնի կատակերգության բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է։ Մինչև ներկայացումը սկսելը փառատոնի մասնագիտական հանձնախմբի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը ռուսական թատրոնին հանձնեց փառատոնի մասնակցության դիպլոմն ու արձանիկը։
Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը փառատոնին առաջին անգամ է մասնակցում: Իսկ Սկապենի արարքները բեմադրության առաջնախաղը եղել է մայիսին։ Մոլիերի հայտնի կատակերգության բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է։ Նրա խոսքով՝ նույն ներկայացումով այս ամիս հանդես են գալու նաև Ռուսաստանում:
Թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը կարևորում է թե՛ «Թատերական Լոռի» փառատոնի՝ երկար տարիներ լինելու հանգամանքը և թե՛ հյուրախաղերը մարզերում։ Իսկ մարզում ապրող հանդիսատեսը պրոֆեսիոնալ թատրոնների խաղից մեծ բավականություն է ստանում։
«Սկապենի արարքները» ներկայացումը ռուսական թատրոնի դերասանները փառատոնի շրջանակներում խաղացել են նաև Վանաձորում։ Հիշեցնենք, որ թատերական Լոռի 29-րդ միջազգային փառատոնը նվիրված է Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի 90-ամյակին։
Ֆրանսիացի դրամատուրգ, թատրոնի դերասան, բանաստեղծ, երգիծաբան, թատերական ռեժիսոր Ժան Բատիստ Մոլիերը «Սկապենի արարքները» պիեսը գրել է 350 տարի առաջ, բայց ժամանակակից թատրոնների ռեժիսորներն այն այսօր առավել, քան ակտուալ են համարում։
Ֆրանսիացի հանճարեղ կատակերգակն իր ստեղծագործության հասուն ժամանակաշրջանում, որպես գործողության վայր, օգտագործում է իտալական Նեապոլ քաղաքը և ավանդական իտալական «դիմակների» տակ է թաքցնում հերոսների իրական բնույթը։ Իսկ Սկապենը խորամանկ ծառայի ավանդական դիմակն է իտալական Կոմեդիա դել Ատեյում։
Տեսանյութը՝ «Անկյուն գումարած 3» ՀԸ
Լուսանկարները՝ Արման Տիտանյանի