ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանը ծնվել է 1925 թ․ Լոռու մարզի Հագվի գյուղում։ Հայրը 1908 թվականից աշխատել է Ալավերդու պղնձաձուլարանում, հետագայում Ալավերդի է տեղափոխել նաև ընտանիքը։ Դպրոցն ավարտել է Ալավերդիում։ Առաջին անգամ բեմ է բարձրացել Ալավերդու պետական բանվորական թատրոնում։ Կարճ ժամանակ անց դարձել թատրոնի առաջատարը և կերպավորել խաղացանկի գրեթե բոլոր հերոսներին։
1951 թ․ Ալավերդու բանվորական թատրոնի փակվելուց հետո աշխատել է Ստեփանավանի, այնուհետև Երևանի պատանի հանդիսատեսի թատրոններում։ Սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Արմեն Գուլակյանի արվեստանոցում։ Ուսումը կիսատ է թողել և շարունակել է դերասանական գործունեությունը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ խաղացել է շուրջ 50 տարի՝ մինչ 1993 թ․։
Խաղացել է հայ մեծանուն դերասանների` Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Վահրամ Փափազյան և ուրիշների հետ։ Սերտ ու բարեկամական կապեր է ունեցել հատկապես Փափազյանի հետ՝ արժանանալով նրա բարձր գնահատականին։ 1970-ին հիմնադրել է ՀԹԳՄ Կիրովականի բաժանմունքը և դրան կից դերասանական ստուդիան, որը կարևոր նշանակություն ունեցավ հանրապետության երրորդ քաղաքում և ընդհանրապես Լոռում դերասնական կադրերի նախանական պատրաստության գործում։ Մեծ աջակցություն է ցուցաբերել 1979 թ․ հիմնադրված ) «Թատերական Լոռի» փառատոնին և նրա զարգացմանը։
Վոլոդյա Գրիգորյանը երկար տարիներ ղեկավարել է նաև Կիրովականի Երկաթուղայինների ակումբի ժողովրդական թատրոնը, ինքնագործ դերասանների հետ բեմադրելով մի քանի տասնյակ ներկայացումներ։ Ներկայացումներ է բեմադրել նաև Աբելյանի անվան թատրոնում։ Ալավերդու, Վանաձորի, Ստեփանավանի և Երևանի Պատանի Հանդիսատեսի թատրոններում։ Վոլոդյա Գրիգորյանը կերտել է շուրջ 200 կերպարներ։ Նկարահանվել է նաև կինոֆիլմերում։
ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչում է ստացել 1967 թ․, ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում 1978թ․։ Ալավերդու պատվավոր քաղաքացի է, իսկ 2014թ․ ստացել է «Արտավազդ» մրցանակ։