Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում անցկացվեց «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը, որին մասնակցեցին Ռուսաստանից, Վրաստանից ու Հայաստանի տարբեր քաղաքներից ժամանած 14 թատրոններ։ Փառատոնային 11 օրերի ընթացքում ընդհանուր խաղացվեց 15 բեմադրություն և 28 ներկայացում։ 29-րդ «Թատերական Լոռի»-ին որպես հանդիսատես մասնակից է դարձել 11 հազար և ավելի քաղաքացի․ մարզի բոլոր քաղաքներում թատերական դահլիճները լեփ-լեցուն են եղել։
Փառատոնին մասնակից բոլոր թատրոններին հանձնվել է դիպլոմ և փառատոնի խորհրդանիշ համարվող արձանիկը։
«Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը նվիրված էր Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 90-ամյակին։ Այդ առիթով թատրոնի անձնակազմն արժանացավ հատուկ նվերների։ Նվերներ հանձնվեցին նաև Չելյաբինսկի «Նոր գեղարվեստական թատրոն»-ի դերասաններին՝ որպես առաջին անգամ մասնակցության խորհրդանիշ։
Վոլգոգրադի երիտասարդական թատրոնն Ալավերդիում էր պատվիրակության մեծ կազմով, որը գլխավորում էր Վոլգոգրադի քաղաքային վարչակազմի մշակույթի կոմիտեի նախագահ Դմիտրի Պոլյանինը։ Ռուս դերասաններն այցելեցին նաև տարածաշրջանի պատմամշակութային վայրեր և Հայաստանից հեռացան մեծ տպավորություններով։ Ի դեպ, Վոլգոգրադի երիտասարդական թատրոնի տնօրենը հայուհի է՝ արմատներով Ալավերդուց Լուսինե Ղազարյանը։
Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 90-ամյակին նվիրված «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը բացվեց աբելյանցիների «Անուշ»-ով։ Իսկ փակումը նշանավորվեց Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Ռևիզոր»-ով։