Սեպտեմբերի 27-ին «Թատերական Լոռի» փառատոնի շրջանակներում Ալավերդու քաղաքային թատրոնը ներկայացավ «Ծապան» բեմադրությամբ, ըստ Պատրիկ Արտեմիի համանուն պատմվածքի։ Հանդիսատեսը նախ մեկ րոպե լռությամբ հարգեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը։ Փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը ներկայացումների ժամանակագրությունը կազմել է այնպես, որ սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի տարելիցին, թատրոնը ներկայանա հենց այս բեմադրությամբ․ բեմադրության մեջ անդրադարձ կա Արցախյան երկրորդ պատերազմին:
«Ներկայացումը ծնվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, և էդ ամեն ինչը մեր մեջ էր ու որևէ կերպ պոռթկալ էր ուզում, որևէ կերպ հիշատակվել էր ուզում։ Սա հավելում է ներկայացմանը, այսինքն, սցենարում նման տեքստ չի եղել, պարզապես մենք ուզեցինք դա անել»,- ասում է բեմադրոող ռեժիսորը։
Ներկայացումն Ալավերդու և ալավերդցու մասին է, Արամի, ով անցնելով պատերազմի ու աքսորի բովով՝ վերադառնում է հայրենի քաղաք և իր այգում, իր ծննդավայրում հիմնում այգի, իր Ծապանը, մինչդեռ շատերը բռնում են արտագաղթի ճամփան։ Արամին խորթ են օտարությունն ու օտար բարքերը, բայց նրա զավակները դրսում են ապրում, ինչն էլ կնոջ մահից հետո միայնակ մնացած Արամին տանջող ամենամեծ ցավն է, որի հետ ապրում է։
«Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնի հանձնախումբը փառատոնին մասնակցության դիպլոմն ու խորհրդանշական արձանիկը հանձնեց երիտասարդ դերասան, Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար Աղասի Ղորխմազյանին: Իսկ թատերասեր հանդիսատեսը երկարատև ծափերով ճանապարհեց դերասաններին։
Տեսանյութը՝ «Անկյուն գումարած 3» ՀԸ