Համազգային թատրոնի «Հաղթանակի գենեզիս»-ը՝ «Թատերական Լոռի»-ի շրջանակում (տեսանյութ)

Նորություններ
Համազգային թատրոնի «Հաղթանակի գենեզիս»-ը՝ «Թատերական Լոռի»-ի շրջանակում (տեսանյութ)
05.10.2021
Համազգային թատրոնի «Հաղթանակի գենեզիս»-ը՝ «Թատերական Լոռի»-ի շրջանակում (տեսանյութ)

Հոկտեմբերի 4-ին «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնի շրջանակում Ալավերդիում էր Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը՝ «Հաղթանակի գենեզիս» ներկայացմամբ։

Ներկայացման հիմքում երեք հերոսների պատմություններ են, որոնք ծավալվում են 1990-ականներին, երեք տարբեր վայրերում` Արցախի ամենաթեժ կետերից մեկում, սահմանամերձ մի գյուղում և մութ ու ցուրտ Երևանում` կազմելով երեք միահյուսվող սյուժետային գիծ: Միմյանցից ֆիզիկապես հեռու գտնվող երեխաները, կարծես, երկխոսության մեջ են մտնում, արձագանքում մեկմեկու, կիսում իրենց հոգսերն ու ուրախությունները: Նրանց յուրաքանչյուր պատմություն մի փոքրիկ հաղթանակի արձանագրություն է, հաղթանակ թշնամու, ծանր պայմանների և սեփական վախերի հանդեպ: Մանկական այդ մաքուր ու միամիտ հերուսությունները, կարծես, ազգի գենետիկ կոդի մասն են դարձել` արձանագրելով նրանում հաղթողի հոգեբանության ծնունդը: 

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի բեմադրությունն Ալավերդու հանդիսատեսն ընդունեց ջերմությամբ ու բարձր ծափերով։ Ներկայացման թեման այսօր առավել, քան արդիական է․ հայ ժողովուրդն անկախանալուց և իր նվիրական հաղթանակից 30 տարի անց կրկին անցավ պատերազմի բովով՝ վերապրելով անցյալի բոլոր դժվարություններն ու ապրումները, գումարած՝ հայրենիքի կորուստը։  

Ներկայացման ավարտին «Թատերական Լոռի» միջազգային փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնին հանձնեց փառատոնի մասնակցության դիպլոմն ու արձանիկը։  

Փառատոնի շրջանակում Համազգային թատրոնը մեկ այլ ներկայացում՝ «Լյու-Բյեֆ»-ը խաղաց Վանաձորում։

Նշենք, որ «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը նվիրված է Հովհ․Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 90-ամյակին։

Տեսանյութը՝ «Անկյուն գումարած 3» ՀԸ

Լուսանկարները՝ Արման Տիտանյանի

Տեսադարան