
«Թատերական Լոռի» միջազգային փառատոնը տարիներ շարունակ դարձել է Լոռու մշակութային կյանքի սպասված իրադարձություններից մեկը։ Այս տարի այն անցկացվելու է 32-րդ անգամ՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 15-ը՝ Վանաձորում և Ալավերդիում։ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի խոսքով՝ փառատոնի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այն թատրոնը մոտեցնում է մարզի բնակչությանը՝ հնարավորություն տալով ոչ միայն ներկայացումներ դիտել, այլև անմիջականորեն շփվել դերասանների հետ։
«Փառատոնն ամեն անգամ հանդես է գալիս բավական հետաքրքիր ներկայացումներով։ Ի դեպ, ընդգծեմ, որ մասնակցում են ոչ միայն պետական, այլև մասնավոր թատրոնները։ Փառատոնը շատ սպասված է, դուք չեք պատկերացնում, թե ինչպես են բնակիչները սպասում, ինչ լեփ-լեցուն դահլիճներով են անցնում։ Մարդիկ ոչ միայն վայելում են ներկայացումները, այլև սիրված դերասանների հետ կենդանի շփման հնարավորություն են ունենում։ Նման միջոցառումները նկատելի փոխում են մարզային մշակութային կյանքը, ինչը շատ կարևոր է»,- ասաց Հակոբ Ղազանչյանը։
Այս տարի փառատոնը Լոռիում կհյուրընկալի Հայաստանի և մի շարք երկրների թատերախմբերի։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է շուրջ 20 թատրոնի մասնակցություն։ Ծրագրում ընդգրկված են թատրոններ Հայաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Ռուսաստանից և Սերբիայից։ Ծրագիրը ներկայացնելիս փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը շեշտում է, որ այս տարվա մասնակիցների և ներկայացումների ընտրության հիմքում բազմազանությունն է։
«Փառատոնի պաշտոնական բացումը սեպտեմբերի 26-ին է։ Մեկնարկը տրվելու է Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Ինչպես նկարել թռչուն» ներկայացմամբ։ Հայաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Ռուսաստանից, Սերբիայից թատերախմբերը հանդես են գալու բազմազան ներկայացումներով։ Ժանրային սահմանափակում չկա, լինելու են տիկնիկային, մանկապատանեկան, կամերային և այլ ներկայացումներ»,- ասաց Հրաչյա Պապինյանը։
Պապինյանի խոսքով՝ փառատոնի կազմակերպիչները նաև ակնկալում են Իրանի թատերական խմբի մասնակցությունը, թեև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը որոշակի դժվարություններ է առաջացրել։
«Ասեմ, որ Իրանից ևս մեր գործընկերները պատրաստակամություն են հայտնել մասնակցելու, սակայն տարածաշրջանի լարված իրավիճակով պայմանավորված տեղափոխության խնդիր կա։ Ամեն դեպքում մենք հույս ունենք, որ Իրանից ևս մասնակցություն կլինի»,- նշեց փառատոնի տնօրենը։
«Թատերական Լոռի»-ն իր ներկայիս միջազգային ձևաչափին հասել է աստիճանաբար։ Այն սկզբում ստեղծվել էր որպես ինքնագործ թատերախմբերի մարզային փառատոն, հետագայում դարձել էր հանրապետական, իսկ 2012 թվականից ստացել է միջազգային մասնակցություն։ Նույն՝ 2012 թվականից փառատոնի շրջանակում անցկացվում է նաև «Ռուսական թատրոնի օրեր» ծրագիրը, որին մասնակցում են ռուսական թատրոններ Երևանից և Ռուսաստանից։
Այս տարվա փառատոնն ունի նաև հոբելյանական խորհուրդ։ «Թատերական Լոռի»-ն նվիրվում է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական թատրոնի 170-ամյակին։
Փառատոնի փակումը նախատեսված է հոկտեմբերի 15-ին՝ Վանաձորում։ Եզրափակիչ ներկայացմամբ հանդես կգա Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը՝ ներկայացնելով «Պեպո»-ն։
Սեպտեմբերի 26-ից Լոռու երկու քաղաքներում թատերական կյանքը կենտրոնանալու է տարբեր ժանրերի և տարբեր երկրներից ժամանած թատերախմբերի շուրջ։ Կազմակերպիչների փոխանցմամբ՝ բոլոր ներկայացումների մուտքն ազատ է։ Փառատոնը ոչ միայն թատերական ներկայացումների շարք է, այլև մարզային հանդիսատեսի և թատրոնի միջև կենդանի կապը պահպանելու ու զարգացնելու հնարավորություն։
Ալմաստ Մուրադյան
Աղբյուրը՝ //cultural.am/hy/thatron/4778-taterakan-lorin-krkin-taterakan-shunch-khaxordi-marzin