«Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնի շրջանակում Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը «Կամակոր ճուտիկը» ներկայացումը խաղաց Վանաձորում և Ալավերդիում։ Ներկայացումը տիկնիկային թատրոնի խաղացանկում է արդեն երկար տարիներ և մշտապես մեծ ոգևորությամբ է ընդունվում երեխաների կողմից: Իսկ պետական տիկնիկային թատրոնը «Թատերական Լոռի» փառատոնին մասնակցում է արդեն մի քանի տարի։
«Երեխաները շփվում են տիկնիկների հետ, շփվում են նաև մեզ հետ։ Ամեն դերասանի համար մեծ երջանկություն է այդ պահերը տեսնելը, երեխաների հետ շփվելը, երեխաներին ինչ-որ բան տալը, մատուցելը, անկախ նրանից դա գեղագիտություն է, հեքիաթ թե լավը, բարին։ Իսկ այս փառատոնը, որ 29-րդ տարին է կարծեմ, ես ինքս չորրորդ թե հինգերորդ անգամն եմ լինում ու միշտ հաճույքով եմ գալիս»,-ասում է տիկնիկավար Ռոբերտ Սարգսյանը։
«Կամակոր ճուտիկը» զվարճալի ու բարի ներկայացման ընթացքին փոքրիկները հետևում էին մեծ հետաքրքությամբ, ոմանք էլ այս հեքիաթին արդեն իսկ ծանոթ էին:
Ներկայացման ավարտին ելույթ ունեցան Թատերական Լոռի 29-րդ փառատոնի հանձնախմբի անդամները և Հովհ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի փոխտնօրեն Հովիկ Մինասյանին հանձնեցին 29-րդ փառատոնի մասնակցության դիպլոմն ու խորհրդանշական արձանիկը:
Տեսանյութը՝ «Անկյուն գումարած 3» ՀԸ